29.10.2013|
11:50
ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի ինստիտուտը նախորդ կիրակի Դսեղում էր, թումանյանական հերթական միջոցառմանը։ Լոռին հուրհրում էր աշնան ոսկեթափից, Դսեղն իր հերթին էր տոնական մի հանդես, գունեղ և բանաստեղծական լուսավոր թախիծով լի։ Այս տարին առանձնահատուկ էր. բացվել էր Թումանյանի վաղամեռիկ զավակ Արտավազդ Թումանյանի հուշարձանը՝ բանաստեղծի տուն-թանգարանից քիչ հեռու, գյուղի հրապարակում։ Հրապարակի վերին հատվածում հանճարի հանրահայտ արձանն է, ժողովրդական նկարիչ Ղուկաս Չուբարյանի վարպետ կատարմամբ, ներքևում, նրան դիմահայաց՝ որդու հուշարձանը։ Հանդեսին ներկա էին Լոռվա մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի լավագույն երգիչներն ու ասմունքողները, առհասարակ, ողջ Դսեղը։